Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին հեռավար ձևաչափով մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների ինստիտուտի կազմակերպած «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ականավոր գիտնական Վլադիսլավ Ֆեդորենկոյի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Հունգարիայից, Չեռնոգորիայից, Մոլդովայից և այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանը:
Խոսելով ուկրաինացի գործընկերոջ՝ երջանկահիշատակ Վլադիսլավ Ֆեդորենկոյի մասին, Բյուրոյի փոխտնօրենը ջերմությամբ հիշեց նրա հետ ունեցած մասնագիտական շփումների և արդյունավետ համագործակցության մասին:
«2019 թվականից ի վեր բացառիկ հնարավորություն ենք ունեցել համագործակցելու Վլադիսլավ Լեոնիդովիչի հետ՝ իսկական պրոֆեսիոնալի, ով տիրապետում էր մտավոր սեփականության արդյունքների գնահատման խորը գիտելիքների: Նշանակալի է նրա ավանդը փորձագիտական տվյալ բնագավառի փորձագիտական հնարավորությունների և գիտական մտքի շարունակական զարգացման և հիմնավոր արդյունքների ապահովման գործում:
Նրա նախաձեռնության և ակտիվ մասնակցության շնորհիվ ստեղծվել է իր տեսակով յուրահատուկ հայ-ուկրաինական մեթոդական խումբ, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննությունների համար կիրառվող մեթոդական բառարան: Նշված գործընթացը հնարավորություն ընձեռեց իրականացնել համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև փորձի փոխանակում՝ մտավոր սեփականության օբյեկտների փորձաքննությունների կարողությունների զարգացման նպատակով: Մեծ էր նաև Վլադիսլավ Լեոնիդովիչի ձգտումը մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննության շրջանակներում գիտական հետազոտությունների և մեթոդաբանության մշակման զարգացման գործում»,-իր խոսքում նշեց Արամ Գահնապետյանը:
Անդրադառնալով Վլադիսլավ Ֆեդորենկոյի ղեկավարման ժամանակահատվածում Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև ձևավորված համագործակցությանը, Գահնապետյանը հիշեցրեց 2019թ. Բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ ապահովելով փոխգործակցության առավել բարձր մակարդակ:
Գիտաժողովի շրջանակներում «Մտավոր սեփականության օբյեկտների գնահատման առանձնահատկությունները կատարված փորձաքննությունների շրջանակներում» թեմայով համատեղ զեկույցով հանդես եկան Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Աննա Հարությունյանը և Շուշանիկ Մովսիսյանը:
Անդրադառնալով Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև իրականացված համատեղ հետազոտություններին, Աննա Հարությունյանը նշեց, որ ստացված արդյունքների հիման վրա մշակվել են մի շարք մեթոդական մոտեցումներ, որոնք կիրառելի են նաև ՀՀ-ում իրականացվող ապրանքագիտական փորձաքննությունների բնագավառում: Մեթոդական մոտեցումները, որոնք ներկայացված են մտավոր սեփականության օբյեկտների արժեքի պարզման հիմնական տասը քայլերով, հիմք են հանդիսանում նմանատիպ փորձաքննությունների անցկացման համար՝ ապահովելով օբյեկիվ և լիարժեք փորձագիտական եզրակացություններ:
«Մտավոր սեփականության արդյունքներն, ընդհանուր առմամբ շատ յուրահատուկ են՝ կախված այն հանգամանքից, թե ո՞վ է հեղինակը, ի՞նչ հեղինակություն ունի, ի՞նչ իրավունքներով է պաշտպանված տվյալ մտավոր սեփականության արդյունքը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ նյութեր են օգտագործվել դրանց ստեղծման համար, ի՞նչ լրացուցիչ օգուտ կարելի է քաղել տվյալ մտավոր սեփականութան կիրառումից և այլն: Նշված հանգամանքների պարզումը չափազանց կարևոր է մտավոր սեփականության օբյեկտների արժեքի պարզման գործընթացում օբյեկտիվ և լիարժեք հետևությունների հանգելու համար»,-նշեց փորձագետը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:
17 October 2024